Երկրի բնակչությունը 2012թ. հուլիսի դրությամբ հասել է 7 մլրդ 57 մլն 608 հազարի: Այդ մասին, այսօր` հուլիսի 11-ին` Ժողովրդաբնակչության համաշխարհային օրը հայտարարել է Համաշխարհային ժողովրդաբնակչության գերմանական հիմնադրամի ներկայացուցիչ Ուտե Շտալմայստերը:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», մասնագետը նշել է, որ մոլորակի բնակչության աճի շարժիչ ուժը զարգացող երկրներն են:

Աֆրիկայում ներկա հարյուրամյակում մարդկանց թիվը կավելանա հասնելով մինչեւ 3,5 մլրդ-ի: Աֆրիկա մայցամաքում առավել մեծ հավելաճ է նկատվում Սահարայի հարավում, որտեղ մեկ կինը միջինն ունենում է 5 երեխա:

Միաժամանակ, թեեւ Աֆրիկայի երկրները հաջողություններ են գրանցել սովի դեմ պայքարում, սակայն զարգացող երկրներում սոված բնակչության տեսակարար կշիռը պահպանվել է 16 տոկոսի սահմաններում:

«Այդ երկրների կառավարությունները ի վիճակի չեն կերակրել անընդհատ աճող բնակչությանը»,-նշել է Շտալմայստերը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մոլորակի 7 մլրդ-երորդ մարդը ծնվել է Ֆիլիպիններում: Նա աղջիկ է` Դանիցա Մեյ Կամաչոն:

Այսպիսով 2011-ի նոյեմբերից մինչեւ 2012-ի հունիս Երկրագնդի բնակչությունն ավելացել է 57 մլն-ով: