NEWS.am-ը ներկայացնում է Վանդերբիլդտի համալսարանում հրապարակային քաղաքականության դոկտոր եւ միջազգային խորհրդական Լոուրենս Շնայդերմանի հոդվածից մի հատված, որը տպագրվել է Eurasia Review պարբերականում:

«Այս ամիս նշվում է հարավսլավական պատերազմի ժամանակ, Բոսնիայի Սրեբրենիցա բնակավայրում տեղի ունեցած կոտորածի 17-րդ տարելիցը:

Սրեբրենիցայի կոտորածը ցեղասպանություն չէր, սակայն արեւմտյան լրատվամիջոցներն ու ազատական մտավորականությունը կցանկանային, որպեասզի դուք մտածեիք, որ դա ցեղասպանություն է: Նրանք նախընտրեցին վառ գույներով ներկայացնել Սրեբրենիցայի դեպքերը եւ դրանք անվանել ցեղասպանություն, բայց էությունն այն է, որ այնտեղ ցեղասպանությունը բացարձակապես չի եղել:

ԱՄՆ-ում Հոլոքոստի թանգարանը (Վաշինգթոնում) նշում է, որ ցեղասպանությունը «դա շատ յուրահատուկ տերմին է, որը ենթադրում է  բռնությամբ կիրառվող հանցագործություններ ուղղված խմբի դեմ` նպատակ ունենալով վերացնել այդ խումբը»:

Ցեղասպանությունը յուրահատուկ եւ սարսափելի ակտ է, որը հնարավոր չէ վերածել բանալության: Նույնկերպ անընդունելի կլիներ օգտագործել այն քաղաքական նպատակներով: Նրանց համար, ովքեր մոռացել են, ներկայացնենք 20-րդ դարում տեղի ունեցած մի քանի իսկական ցեղասպանությունների ամփոփ նկարագիրը:

Հայոց ցեղասպանությունը կատարվել է 1915 թվականին եւ շարունակվել մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը:

Ընդհանուր առմամբ, թուրքերը սպանել են 1,5 մլն հայերի` տղամարդկանց, կանանց ու երեխաների: Սպանության միջոցները մեթոդաբար նախատեսվել են` մտադրություն ունենալով ոչնչացնել Թուրքիայի հայերին: Նրանք օգտագործել են ճիշտ այն մեթոդները, որոնք մենք կապում ենք նացիստական Գերմանիայի հետ, օրինակ, մահվան երթեր, սով, ոչնչացման ճամբարներ, թունավոր գազերի կիրառում, երեխաների խեղդում ու զանգվածային հրդեհումներ:

Թուրքերի նպատակն ի սկզբանե եղել է հայ ժողովրդի ոչնչացումը, ինչն, ի  վերջո, հանգեցրել է Թուրքիայում հայ բնակչության համակարգված վերացմանը:

Փաստը, որ ժամանակակից Թուրքիան` Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ, ժխտում է, որ դա ցեղասպանություն է եղել, պարզապես ծիծաղ է առաջացնում:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած Հոլոքոստը ցեղասպանություն է համարվում աշխարհի երկրների մեծամասնության կողմից: Նացիստական Գերմանիան ոչնչացրել է 6 մլն հրեաների, Եվրոպայի հրաների 2/3-ին, որը կատարվել է համակարգված, պլանավորված պետական ծրագրով: