«Ռոսօբորոնէքսպորտ» ԲԲԸ-ն եւ իտալական Finmeccanica մեքենաշինական հոլդինգում ընդգրկված երեք ընկերությունները չորեքշաբթի օրը միջազգային ավիատիեզերական «Ֆարնբորո-2012» սրահում պարեկային նոր օդանավի մշակման եւ արդիականացման համագործակցության համաձայնագիր են ստորագրել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Պարեկային նոր օդանավը կմշակվի ռուսական արտադրության օդանավերի հիմքի վրա: Այն հագեցած կլինի իտալական ընկերության արտադրության կապի, նավիգացիայի եւ ճանաչման համակարգերով, ինչպես նաեւ սպառազինությամբ` ներառյալ WASS (Finmeccanica-ի կազմից) ընկերության արտադրած թեթեւ տորպեդներ:
Համաձայնագիրը ստորագրել են «Ռոսօբորոնէքսպորտ» ԲԲԸ-ի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Միխեեւը եւ Finmeccanica-ի կազմում ընդգրկված Selex, Galileo, Selex Elsag, ընկերությունների ղեկավարները:
«Սա երրորդ երկրների համար արտադրանք առաջարկելու համաձայնագիր է: Իտալական սարքավորումները տեղադրվելու են ռուսական պարեկային եւ հատուկ տեսակի օդանավերում: Համաձայնագիրը նախապատրաստվել է երեք տարի: Մենք հույս ունենք, որ այդ արտադրանքը կհարմարեցվի «Ռոստեխնոլոգիաներ» պետական կորպորացիայում ընդգրկված ընկերություններում», - ասել է Միխեեւը` հավելելով, որ Finmeccanica ընկերության հետ համաձայնագիրն առաջիկայում նախատեսում է զբաղվել ռուսական օդանավերի արդիականացմամբ, որոնք նախկինում արտասահման էին ուղարկվում:



























