Հայաստանի ֆինանսական շուկայում շարունակվում է դոլարի փոխարժեքի անկումը: Ընդ որում` այն տեղի է ունենում նույնքան արագ, ինչպես որ բարձրանում էր: Դոլարի թուլացումը հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսական սեզոնում դրամի նկատմամբ պահանջարկի մեծ աճով, ինչպես նաեւ զբոսաշրջային այցելությունների աճով:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հուլիսի 11-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 413.35 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.41 %-ով կամ 1.71 դրամով: Ընդ որում` բորսայի փակման փոխարժեքը կազմել է 1դոլար/413 դրամ, այսինքն` դոլարի թուլացման միտումներն ամենայն հավանականությամբ կպահպանվեն:
Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 4.5 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքն իջել է մինչեւ 412 դրամ, դոլար կարելի է ձեռք բերել 414 դրամով:
Forex միջազգային շուկայում եվրոն սկսել է ամրապնդվել դոլարի նկատմամբ, ինչին նպաստել է եվրոյի գոտու ֆինանսների նախարարների երեկ կայացրած որոշումը` Իսպանիային եւս մեկ տարի տրամադրել բյուջեի դեֆիցիտը նվազեցնելու համար: Մեկ եվրոն կեսօրին արժեր 1.2277 դոլար:
Ռուսաստանի միջբանկային շուկայում ռուբլին այսօր ամրապնդվել է եւ եվրոյի, եւ դոլարի նկատմամբ: Մեկ դոլարի փոխարժեքը կազմել է 32.8282 ռուբլի:



























