Թել Ավիվի ազգային անվտանգության ինստիտուտը փորձել է պարզել, թե ինչ կլինի Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի նպատակային հարվածի դեպքում, եւ ինչ արձագանք կլինի միջազգային հանրության կողմից։ Այդ նպատակով մասնագետների կողմից մշակվել եւ խաղարկվել է ռազմական հնարավոր գործողությունների գաղտնի սցենար։ Արդյունքում, պատերազմի դեպքում Իրանը միանշանակ հաղթանակ կտանի,- գրում է բրիտանական Times պարբերականը։
Փորձում, որ սկսվել է դեռ նոյեմբերին, բայց արդյունքների մասին հայտնի է դարձել միայն վերջերս, մասնակցություն են ունեցել անվտանգության հարցերով նախկին խորհրդականները՝ հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ համատեղ, ընդ որում՝ վերջիններս իրենց վրա են վերցրել առանձին երկրների ղեկավարների դերը։ Փորձը ցույց է տվել, որ պատերազմի դեպքում ԱՄՆ-ը չի անցնի Իսրայելի կողմը, Բարաք Օբաման շեշտը կդնի խնդրի լուծման դիվանագիտական ուղիների եւ խաղաղ նախաձեռնությունների վրա։
Վերլուծաբանները եկել են այն եզրակացության, որ Իսրայելը չի համարձակվի մենակ գործել, եւ ստիպված է լինելու հետեւել Միացյալ Նահանգների օրինակին։ Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարաբերություններն այնքան էլ լավ չեն։
Հաջորդ կարեւոր գործոնը՝ ֆինանսական ծախսերն են, որոնց ահռելիության մասին են վկայում տարբեր փորձագետներ։ Բացի այդ, միջուկային օբյեկտների վրա հարձակումը միայն հետ կշպտրի Իրանին, բայց չի կարող ստիպել նրան՝ հրաժարվել իր ծրագրերից։
Կարեւոր գործոն է իրանցիների ազգային հպարտության սուր զգացումն եւ մահմեդական աշխարհի անկանխատեսելի հակազդեցությունը։
Հիշեցնենք որ տարեվերջին ավարտվում է Իրանին տրված ԱՄՆ-ի վերջնագրի ժամկետը, ինչի կապակցությամբ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է. «Ո՞վ եք դուք, որ վերջնագիր ներկայացնեք», եւ ինքն է վերջնագիր ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ-երկրներին։




























