Ռուսաստանի Դաշնային Ժողովի Դաշնության Խորհուրդը շահագրգռված է Հայաստանի Ազգային Ժողովի հետ միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմամբ եւ միտված է այդ ուղղությամբ կոնկրետ քայլերի: Այդ մասին այսօր` հուլիսի 11-ին հայտարարել է ՌԴ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ համատեղ ճեպազրույցում` հավելելով, որ պատվիրակության այցը դրա վառ օրինակն է:

«Մեր երկրների խորհրդարանները, անխոս, պետք է շատ կարեւոր դեր խաղան հայ-ռուսական երկկողմ կապերի հետագա զարգացման մեջ: Հայաստանն ու Ռուսաստանը համագործակցության, միջխորհրդարանական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքի լավ փորձ ունեն: Մենք պայմանավորվել ենք, որ ուշադիր կվերլուծենք այս տարիների ընթացքում իրականացվածը, ողջ դրականը կվերցնենք որպես ուղեբեռ, բայց միաժամանակ կարդիականացնենք այդ հարաբերությունները, կմղենք ավելի գործնական հուն»,- ասել է նա:

Մատվիենկոն նկատել է, թե հետագա համագործակցության ձեւաչափը կարող է ամենատարբեր լինել` երկկողմ ջանքերի համակարգումը միջազգային խորհրդարանական հարթակներում, հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների վրա ուշադրության ավելացում, համագործակցություն հումանիտար ոլորտում:

Մատվիենկոն նաեւ գոհունակությամբ նշել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը` նկատելով, որ անցած 20 տարում` ՌԴ-ի եւ Հայաստանի մջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո երկրները աստիճանաբար հարաբերություններ են հաստատել ամուր պայմանագրային հիմքի վրա:

Իր հերթին, Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե այսօր հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր նշաձողի վրա. «Ես վստահ եմ, որ տիկին Մատվիենկոյի այցը Հայաստան կնպաստի այդ հարաբերությունների ավելի  ամրապնդմանն ու ակտիվացմանը»: