Ռուսաստանն ի դեմս Հայաստանի տեսնում է  ՀԱՊԿ-ի շատ հուսալի եւ արդյունավետ գործընկերոջ: Այդ մասին հայկական խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ համատեղ ասուլիսում հուլիսի 11-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

Նրա խոսքով` Հայաստանը ՀԱՊԿ-ի շատ ակտիվ մասնակից է, որի շրջանակում երկու երկրների միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկակակն լուրջ համագործակցություն է սկսվել:  «ՀԱՊԿ-ը մեծ հեռանկարներ ունի ռազմաքաղաքական միությունից վերածվելու տարածաշրջանային բազմագործառույթ լուրջ կառույցի»:

Իր հերթին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Երեւանը մտադիր է զարգացնել եւ ամրապնդել  համագործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակում: «Մենք բարձր ենք գնահատում  ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցությունը, եւ այդ ձեւաչափն ընդունելի է մեզ համար»,  - ընդգծել  է նա:

Անդրադառնալով Ուզբեկստանի ՀԱՊԿ-ից դուրս գակլու հարցին` Մատվիենկոն նշել է, որ Ուզբեկստանը կպարտվի, եթե վերջնական դուրս գա կազմակերպությունից:

Մատվիենկոն կարծում է, որ ՀԱՊԿ-ից  Ուզբեկստանի դուրս գալը դրական քայլ չէ տարածաշրջանում կայունության պահպանման, ինչպես նաեւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առումով: «Այդ երեւույթների դեմ պայքարի համար հարկ է միավորել ջանքերը, ոչ թե պառակտել»,-ասել է նա: