Հայաստանում ինքնասպանությունների թվաքանակի աճի տեմպերն անհանգստացնում են փորձագետներին: Նրանց կարծիքով` երկրի բնակիչները ինքնակամ վերջ են տալիս կյանքին` առաջին հերթին տնտեսական խնդիրների պատճառով: 47 ինքնասպանություն է գրանցվել վերջին կես տարում, եւ այդ թիվը գրեթե կրկնակի գերազանցում է 2011-ի նույն ժամանակաշրջանի տվյալները: Սոցիոլոգներն ու հոգեբանները նշում են, որ տեղի ունեցածի գլխավոր պատճառը տնտեսական ծանր դրությունն է, գրում է Deutche Welle-ն:
Ինքնակամ կյանքի հետ հաշիվներն են մաքրում տարբեր տարիքի, մասնագիտության եւ սոցիալական դրության մարդիկ: Հայկական սոցիոլոգիական ընկերակցության ղեկավար Գեւորգ Պողոսյանը DW-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե յուրաքանչյուր ինքնասպանություն ունի անհատական պատճառներ: Աշխարհում տարեցտարի ինքնասպանությունների թիվը համեմատաբար կայուն է մնում, բայց երբ կտրուկ աճ է նկատվում, դա նշանակում է սոցիալական միջավայրում տեղի ունեցած փոփոխությունների մասին:
Ըստ գիտնականի՝ երբ տնտեսական ճգնաժամի կամ սոցիալական լարվածության պատճառով թուլանում է մարդու կապը սոցիումի հետ, նրա մոտ կյանքին վերջ տալու ցանկություն է հայտնվում:
DW-ն գրում է, որ գործազրկությունը Հայաստանում կազմում է 40 տոկոս եւ դա ամենաբարձր ցուցանիշներից մեկն է Հայաստանում:
Ներգաղթյալները, այլ երկրների խնդիրներում պատճառով սկսել են ավելի քիչ օգնել Հայաստանում ապրող ազգականներին, նվազել են գումարային փոխանցումները, երկրի բնակիչների ավելի քան 30 տոկոսը հայտնվել է աղքատության շեմին: Երիտասարդների մեծ մասը Հայաստանում չի տեսնում իր ապագան:
Միեւնույն ժամանակ հոգեբան-ինքնասպանաբան Կամո Վարդանյանը Deutche Welle-ին ասել է, թե Հայաստանում ինքնասպանությունների թիվը ճգնաժամային չի: Նրա խոսքով՝ սուիցիդն աճ է գրանցել ամբողջ աշխարհում. տարեկան կյանքին մոտ 1 մլն մարդ է վերջ տալիս: Իսկ Հայաստանում յուրաքանչյուր 100 հազար մարդուն 15 ինքնասպանություն է բաժին ընկնում, ցուցանիշը չի գերազանցում 100 հազարին 20 դեպք միջին համաշխարհային ցուցանիշը:




























