Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը հրապարակել է հակաճգնաժամային միջոցառումների փաթեթն` ուղղված բյուջեի նպատակային ցուցանիշների ապահովմանը եւ առաջիկա 2,5 տարում պետական ծախսերը 65 մլրդ եվրոյով կրճատելուն:

Ինչպես հաղորդում է RBK-ն` վկայակոչելով Reuters-ը, առանցքային միջոցառումներից մեկը դարձել է ավելացված արժեքի հարկի դրույքաչափի բարձրացումը 3 կետով` 18 տոկոսից հասցնելով 21 տոկոսի: Խոսքը նաեւ եկամտահարկի արտոնությունների վերացման, գործազրկության նպաստների չափերի կրճատման, նախարարությունների բյուջեների սեկվեստրի, արհմիությունների եւ կուսակցությունների պետական ֆինանսավորումը 20 տոկոսով կրճատելու մասին է:

Բացի այդ, ծրագիրը ներառում է նաեւ ծննդյան տոների կապակցությամբ բարձրաստիճան պաշտոնյաների բոնուսները չեղյալ համարելը:

Ռահոյը հայտարարել է, որ Իսպանիայի կառավարությունն առաջարկում է էներգետիկ սեկտորում հարկահավաքման նոր սխեմա ներդնել, որի շրջանակներում ընկերություններն ու էներգիա սպառողները կկիսեն այսպես կոչված «սակագնային դեֆիցիտի» բեռը:

Վարչապետը նաեւ չի բացառել երկաթուղային, ավիացիոն եւ նավահագնստային ընկերությունների պետական ակտիվների մասնավորեցման հնարավորությունը: