Տրապիզոն նավահանգստի օգտագործումը դեպի Հայաստան եւ Հայաստանից բեռնափոխադրումների իրականացման համար հնարավոր է միայն այն դեպքում, եթե Թուրքիայի քաղաքական իշխանությունները համապատասխան որոշում կայացնեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը` մեկնաբանելով Տրապիզոնի նավահանգստի պետի այն հայտարարությունը, թե նավահանգիստը պատրաստ է սպասարկել հայկական բեռները:
«Չեմ կարծում, որ այսօր Թուրքիայի իշխանությունները կգնան դրան»,-թերահավտություն հայտնեց Մինասյանը: Մյուս կողմից, նրա կարծիքով, այսօր Անկարայում այնպիսի անձինք են, ովքեր ի վիճակի են մի գիշերվա ընթացքում քաղաքական կարեւոր որոշումներ կայացնել եւ կտրուկ փոխել իրենց դիրքորոշումները: «Չնայած դա քիչ հավանական է, չեմ զարմանա, եթե Անկարան տա իր համաձայնությունը»,-ավելացրեց Մինասյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրևել էր NEWS.am-ը, Տրապիզոնի նավահանգստի տնօրեն Մուզաֆեր Էրմիշը հայտարարել է, թե թուրքական կառավարության համաձայնության դեպքում Տրապիզոնի նավահանգստով շատ հանգիստ կարելի է իրականացնել Հայաստանի բեռնափոխադրումները:
«Հայաստանն այս պահին 7,5 մլրդ դոլարի արտահանում եւ ներմուծում է իրականացնում Վրաստանի Փոթիի նավահանգստի միջոցով: Դեպի Փոթի երկաթգիծ կա, սակայն այն մեծ ընդմիջումներով է գործում: Երեւանից Տրապիզոն օրվա ցանկացած ժամի կարելի է հանգիստ հասնել: Տրապիզոնից մինչեւ Ալիջանի սահման (Մարգարայի անցակետ-խմբ) 400 կմ է, իսկ այնտեղից Երեւան ընդամենը 30 կմ է: Մեր նավահանգիստը պատրաստ է նման ծավալի բեռնափոխադրումներ իրականացնել»,-նշել է Տրապիզոնի նավահանգստի տնօրենը՝ շեշտելով, որ ներկա պահին նավահանգիստն աշխատում է իր հնարավորությունների 25 տոկոսի չափով:




























