Ռուսաստանի Պետական դուման երրորդ եւ վերջին ընթերցմամբ ընդունել է տարածման համար արգելված տեղեկատվությամբ դոմենների եւ կայքերի միասնական ռեեստրի ստեղծման մասին օրինագիծը: Այդ կայքերի մեջ լինելու են մանկական պոռնկագրության, թմրանյութերի քարոզի եւ երեխաներին ինքնասպանության մղելու կայքերը:

Ինչպես հայտնում է RBC-ն, փաստաթուղթը համաձայնեցված է բոլոր շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների հետ, նաեւ տեղեկատվական-հեռահաղորդակցական ոլորտում աշխատող կազմակերպությունների հետ: Օրենքն առաջարկում է ստեղծել միասնական ռեեստր` այսպես կոչված, կայքերի «սեւ ցուցակներ»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ռուսական  «Վկոնտակտե» սոցկայքը միացել է Ռուսաստանի Պետդումայի կողմից ընդունած համացանց կայքերի  «սեւ ցուցակների» դեմ բողոքին: Այդ խնդիրը բարձրացրել էին երկու խոշորագույն առցանց ռեսուրսները. հանրահայտ համացանցային Wikipedia հանրագիտարանի  ռուսալեզու բաժինը հուլիսի 10-ին դադարեցրել էր իր աշխատանքը, իսկ  «Կենդանի մատյան» բլոգների ցանցը բողոքում է օրինագծի դեմ իր տեղադրած հայտարարությամբ` օրենքը գնահատելով գրաքննության վառ օրինակ: