ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը հրապարակել է ցորենի 2012/13 թ.թ. սեզոնի հաշվեկշռի կանխատեսումը:

Նշվել է, որ ցորենի համաշխարհային արտադրությունը նվազելու է մինչեւ 665.3 մլն տոննա, որը 5.1 մլն տոննայով պակաս է նախորդ սեզոնի բերքից:

Բերքի հիմնական նվազումը (4 մլն տոննայի չափով) բաժին է ընկնում Ռուսաստանին, որտեղ կարտադրվի 49 մլն տոննա ցորեն: Բերքը 2-ական մլն տոննայով կպակասի նաեւ Ղազախստանում (ընդամենը` 13 մլն տոննա) եւ Չինաստանում (ընդամենը` 118 մլն տոննա): Իսկ Եվրամիությունում, ընդհակառակը, ցորենի արտադրությունը կաճի 2.1 մլն տոննայով` մինչեւ 133 մլն տոննա, ի հաշիվ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Հունգարիայի:

Ցորենի համաշխարհային սպառման կանխատեսումը 2012/13 թ.թ. նվազեցվել է 1.8 մլն տոննայով` մինչեւ 680 մլն տոննա: Սպառումը հիմնականում կնվազի Ղազախստանում, ԱՄՆ-ում եւ Ավստրալիայում` ֆուրաժային ցորենի մասով:

Կանխատեսվում է, որ Չինաստանը, Ուզբեկստանը եւ Ինդոնեզիան ավելի քիչ ցորեն կներմուծեն, քան նախորդ սեզոնում, ինչի հետեւանքով ցորենի համաշխարհային առեւտրի ծավալները կնվազեն:

Նշենք, որ վերջին մեկ ամսում ցորենի միջազգային գները զգալի բարձրացել են: Հունիսի 11-ին Փարիզի եւ Չիկագոյի բորսաներում ցորենի 1 տոննան գնահատվել է մոտ 300 դոլար, ինչը մոտ 20 %-ով գերազանցում է մեկ ամիս առաջվա մակարդակը: Ռուսաստանում ներկայում 1 տոննա երրորդ կարգի ցորենն արժե մոտ 230 դոլար` մեկ ամիս առաջվա 190 դոլարի համեմատ: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ` Կուբանում ջրհեղեղները ցորենի բերքի վրա չեն ազդել:

Ցորենի միջազգային գների աճն առայժմ հայաստանյան շուկայում չի զգացվել, սակայն հնարավոր է առաջիկայում ալյուրի գների աճ: