Մադրիդում ավելի քան 20 մարդ է վիրավորվել Արդյունաբերության նախարարության դիմաց հանքափորների ցույցը ցրելու ժամանակ: Առնվազն 5 ցուցարար ձերբակալվել է:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով RTVE հեռուստաալիքը, ոստիկանությունը հանքափորների դեմ գործի է դրել ռետինե գնդակներ: Մոտենալով ամբողջությամբ ոստիկաններով շրջապատված շենքին, ցուցարարները կանգնել են եւ սկսել են վանկարկել. «Թննամին ներսում է», «Մենք ահաբեկիչներ չենք, մենք հանքափորներ ենք»: Արդյունաբերության նախարարությունից ոչ ոք դուրս չի եկել, որից հետո հանքափորներն սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ:
Ներկայումս տուժածներից 12-ը հանքափորներ են, 6-ը` ոստիկաններ եւ 5-ը ցուցարարներ: Լուրջ վնասվածքների մասին չի հաղորդվում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում, այսօր` հուլիսի 11-ին, ի նշան բողոքի ընդդեմ ածխային ոլորտի պետական սուբսիդիաների կրճատման, տեղի է ունեցել հանքափորների «Սեւ երթը»:
Ինչպես հաղորդում է Վեստի.Ru-ն, հանքափորները` հիմնականում Աստուրիայից, Կաստիլիայից ու Լեոն եւ Արագոնից երկու շարասյուներով մտել են Մադրիդ եւ ուղեւորվել են կենտրոնական Պուերտա-դել-Սոլ հրապարակ:
Հանքափորները վարչապետի նստավայրի` Մոնկլոա պալատի մոտ սուլելով իրենց անհամաձայնությունն են հայտնել սոցիալական կարիքների ծախսերի կրճատման որոշման դեմ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նրանք այսօր զանգվածային ցույցեր են անելու արդյունաբերության, էներգետիկայի եւ զբոսաշրջության նախարարությունների մոտ: Ակցիային միացել են ձախ կուսակցությունները:


























