Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն, այսօր` հուլիսի 11-ին, ընդունել է պաշտոնական այցով Հայաստան  ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին:

Կարճատեւ առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ վերջին տարիներին  հայ-ռուսական միջխորհրդարանական կապերը նոր մակարդակի են բարձրացել, ավելի հաճախակի են դարձել շփումները երկու խորհրդարանների միջեւ, ինչին, անշուշտ, նպաստում են նաեւ օրենսդիր մարմինների նախագահների բարձր մակարդակով հանդիպումները:

ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ միջխորհրդարանական հանձնաժողովի նոր կազմը հաջողությամբ կշարունակի աշխատանքը:

Վալենտինա Մատվիենկոն ընդգծել է, որ տարբեր դիտորդական կառույցներում ընդգրկված ՌԴ պատվիրակները օբյեկտիվորեն արձանագրել են Հայաստանում խորհրդարանական ընտրությունների`  բարձր մակարդակով ու օրենսդրությանը համապատասխան անցկացման փաստը, դրանք գնահատելով որպես եւս մեկ քայլ առաջ Հայաստանում պառլամենտարիզմի եւ ժողովրդավարության զարգացման ուղղությամբ:

ՌԴ Դաշնության խորհրդի նախագահն ընդգծել է երկու երկրների տարածաշրջանների միջեւ համագործակցության հետագա ծավալումը` պատրաստակամություն հայտնելով նպաստելու  դրանց  ընդլայնմանը: Նա դրական է գնահատել տարածաշրջանների միջեւ հայ-ռուսական առաջին համաժողովի անցկացումը` նպատակահարմար համարելով խորհրդարանների հովանու ներքո նման միջոցառումների պարբերական կազմակերպումը:

Հայ-ռուսական կապերի հետագա ամրապնդման գործում կողմերը կարեւորել են տարբեր քաղաքացիական ու հասարակական կառույցների փոխգործակցության աշխուժացումը:

Հովիկ Աբրահամյանն առաջարկել է  քննարկել երկու խորհրդարաններում փոխադարձաբար ներկայացուցիչներ ունենալու հարցը, ինչը, նրա խոսքով,  կնպաստի միջխորհրդարանական երկկողմ համագործակցության ավելի սերտացմանն ու արդյունավետության բարձրացմանը:

Վալենտինա Մատվիենկոն Աբրահամյանին հրավիրել է պաշտոնական այցով Ռուսաստան:

Վալենտինա Մատվիենկոն եւ նրա գլխավորած պատվիրակությունը եղել է նաեւ Ազգային ժողովի նիստերի դահլիճում: Նա գրառում է կատարել ԱԺ պատվավոր հյուրերի գրքում: