Մոսկվայի հարավ-արեւելքում մարդկանց խումբը տրավմատիկ ատրճանակից կրակել է ենթադրյալ բռնաբարողի վրա, ով 4 գնդակ է ստացել գլխին, սակայն կենդանի է մնացել:
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, 45-ամյա մոսկվացին ծանր վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
Ինչպես պատմել է հանցագործության պատահական վկան, ժամը 04:00-ի սահմաններում անցորդին է մոտեցել մի արտասահմանյան մեքենա, որտեղից դուրս է եկել երիտասարդ կին եւ երեք տղամարդ: Աղջիկն ասել է. «Դու ինձ բռնաբարել ես», որից հետո նրա ուղեկիցներից մեկը սկսել է ենթադրյալ բռնաբարողի վրա կրակել տրավմատիկ ատրճանակից: 4 կրակոց արձակելով նրա գլխին, նրանք նստել են մեքենան եւ անհետացել դեպքի վայրից:
«Ներկայումս պարզվում է տուժածի ինքնությունը, նրա զբաղմունքը եւ որոնվում են հանցագործները»,-հայտնել են իրավապահ մարմիններից:
Բժիշկները տղամարդու վիճակը ծանր են գնահատում, սակայն լավատեսորեն են տրամադրված:


























