Հայաստանում դեռ շատ բան կա անելու, բայց առաջընթացն ակնհայտ է: Այս մասին այսօր` հուլիսի 11-ին, մամուլի ասուլիսում նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, մեկնաբանելով հարցը, թե կարո՞ղ է «արաբական գարունը» հասնի Հայաստան եւ կարելի՞ է ակնկալել «հայկական գարուն»:
Դեսպանի խոսքով, «հայկական գարունն» արդեն իրականություն է, Հայաստանը փոխվում է եւ չի դադարում փոխվել: Անրի Ռենոն նշել է, որ երկրում պահպանվում են որոշակի սոցիալ-տնտեսական խնդիրներ, բայց առաջընթաց երկրում կա:
Լրագրողների խնդրանքին, նշել, թե որ ոլորտներում է առաջընթաց նկատում, դեսպանն արձագանքել է. «Երբ ես սկսում էի իմ առաքելությունը Հայաստանում, այստեղ կար քաղբանտարկյալների խնդիր, մարդիկ, ովքեր անազատության մեջ էին հայտնվել 2008-ի մարտի 1-2-ի դեպքերից հետո: Այժմ նման հարց չկա»: Դեսպանի խոսքով, փոփոխություններ նկատվեցին վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքում եւ բոլոր դիտորդները համակարծիք էին, որ առաջընթաց կա, հատկապես լրատվամիջոցներով քարոզարշավի լուսաբանման առումով:
Հարցին, թե արդյոք Ֆրանսիայի դեսպանը տեղյա՞կ է «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպին, երբ ծեծելով մարդ էին սպանել, Ռենոն պատասխանել է. «Իհարկե, տեղեկացված են տեղի ունեցածի մասին, բայց լինելով դեսպան, ես իրավունք չունեմ մեկնաբանել իրավիճակը: Այդուհանդերձ, այն շարժումը, որը ստեղծվել է այդ միջադեպի ֆոնին, նույնպես Հայաստանում քաղաքացիական հասարակության ստեղծման վկայություն է: Դա հենց այն է, ինչ ես նկատի ունեմ «հայկական գարուն» ասելով»:



























