Չեխիայյի Օլոմունց քաղաքում հանդուգն կողոպուտ է կատարվել 51-ամյա գործարարի տնից, որի հետեւանքով գողացվել են Ռենուարի եւ Պիկասոյի կտավները:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», գործարարի տունը կողոպտել են հունիսի կեսերին, սակայն իրավապահները, քննության շահերից ելնելով, այդ մասին միայն հիմա են հայտնել: Գործարարի տնից տարել են Պյեռ Օգյուստ Ռենուարի մեկ կտավ, Պաբլո Պիկասոյի 10 կտավներ, ինչպես նաեւ այլ թանկարժեք իրեր: Ինքը` սեփականատերը գողացվածի արժեքը գնահատում է 415 մլն կրոն (շուրջ 21 մլն դոլար):
«Անհայտ հանցագործները Օլոմունցում մտել են 51-ամյա գործարարի տուն եւ բռնություն կիրառելով տանտիրոջը ստիպել են տալ սեյֆի բանալին»,-ասել է քաղաքի ոստիկանության մամուլի քարտուղար Յոզեֆ Բեդնարժիկը, ընդգծելով, որ տղամարդուն ծեծել են եւ կապկպել: Քննության տվյալներով, կողոպուտին մասնակցել է 2 հանցագործ` դիմակներով:


























