Աստղագետները հայտնաբերել են Պլուտոնի նոր` 5-րդ արբանյակը: Բացահայտումը կատարվել է «Հաբլ» տիեզերական աստղադիտակի օգնությամբ:
Ինչպես հաղորդում է РБК` վկայակոչելով BBC-ն, արբանյակն իրենից ներկայացնում է ոչ ճիշտ տեսքի տիեզերական մարմին` 10-25 կմ տրամագծով: Ներկայումս արբանյակը հայտնի է ժամանակավոր P5 նշանակությամբ: Գիտնականների կարծիքով, «նոր» արբանյակըկարող է օգնել Պլուտոնի մոլորակային համակարգի ձեւավորման գաղտնիքի բացահայտմանը: Վարկածներից մեկի համաձայն, արբանյակը կարող էր Պլուտոնի մոտ առաջանալ մեկ միլիարդ տարի առաջ անհայտ տիեզերական մարմնի հետ բախումից:
Պլուտոնի նախորդ` 4-րդ արբանյակը, հայտնաբերվել էր 2011 թվականին, որն ստացել էր P4 անվանումը:
Հիշեցնենք, որ Պլուտոնը Արեգակնային համակարգի վերջին մոլորակն է, որը հայտնաբերել էին աստղագետները. դա տեղի էր ունեցել 1930 թվականին: 2006 թվականին, իր փոքր չափսերի պատճառով Պլուտոնը զրկվել է «մոլորակի» կարգավիճակից: Պաշտոնական աստղագիտական պարբերականներում այն հայտնի է որպես «գաճաճ մոլորակ»:
Աստղագետները ապշած են, որ նման փոքր մոլորակը կարող է ունենալ արբանյակների այդպիսի բարդ համակարգ, գրում է Utro.ru-ն:




























