Մադրիդում, հուլիսի 11-ին, հանքափորների «սեւ երթն» ավարտվել է ոստիկանության հետ զանգվածային բախումներով, որի հետեւանքով 76 մարդ թեթեւ եւ միջին ծանրության վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նրանցից 42-ը ցուցարարներ են, 33-ը` ոստիկաններ, ինչպես նաեւ մեկ ֆոտոթղթակից:

Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», բախման ընթացքում ագրեսիվ վարքի համար ոստիկանությունը ձերբակալել է 8 մարդու: Հետաքրքրական է, որ ոստիկանության տվյալներով, ձերբակալվածներից ոչ մեկը հանքափոր չէ, ոչ էլ այդպիսին եղել է նախկինում:

Նշենք, որ Արդյունաբերության նախարարության մոտ հավաքված ցուցարարների մոտ այդպես էլ իշխանություններից ոչ ոմի ներկայացուցիչ չի մոտեցել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում, հուլիսի 11-ին, ի նշան բողոքի ընդդեմ ածխային ոլորտի պետական սուբսիդիաների կրճատման, տեղի է ունեցել հանքափորների «Սեւ երթը»:

Հանքափորները` հիմնականում Աստուրիայից, Կաստիլիայից ու Լեոն եւ Արագոնից երկու շարասյուներով մտել են Մադրիդ եւ ուղեւորվել են կենտրոնական Պուերտա-դել-Սոլ հրապարակ:

Հանքափորները վարչապետի նստավայրի` Մոնկլոա պալատի մոտ սուլելով իրենց անհամաձայնությունն են հայտնել սոցիալական կարիքների ծախսերի կրճատման որոշման դեմ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: