Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին համաձայնել է ենթարկվել երկրի Գերագույն սահմանադրական դատարանի որոշմանը, որով չեղյալ էր համարվել խորհրդարանը կրկին գումարելու հրամանագիրը:

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, հստակեցնելով իր դիրքորոշումը, Մուրսին ընդգծել է, որ  Եգիպտոսն իրավական պետություն է, նաեւ խոստացել է բանակցություններ սկսել քաղաքական տարբեր ուժերի եւ Գերագույն ռազմական խորհրդի հետ` երկրում իրավիճակը կարգավորելու համար:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, հուլիսի 9-ի արտակարգ նիստում Եգիպտոսի Գերագույն սահմանադրական դատարանը հայտարարել էր, որ իր որոշումները պարտադիր կատարման ենթակա են եւ խորհրդարանը ցրելու վճիռը վերջնական է:

Հունիսի կեսերի Սահմանադրական դատարանն անվավեր էր ճանաչել օրենսդիր մարմնի ստորին պալատի ընտրությունների արդյունքները եւ Ազգային ժողովն անօրինական ճանաչելու վճիռ կայացրել: