Տաջիկստանի իշխանությունները իրենց տարածքում ռուսական ռազմակայանների տեղակայման համար Ռուսաստանից տարեկան 250 մլն դոլար վարձավճար են պահանջել: Այս մասին այսօր` հուլիսի 12-ին, գրում է «Կոմերսանտը»` վկայակոչելով ռազմակայանների վարձավճարի շուրջ բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը:

Ռուսաստանի ՊՆ կենտրոնական ապարատի ներկայացուցիչներն, իրենց հերթին, պարբերականին հայտնել են, որ մինչ օրս չեն ստացել ռազմակայանների վարձակալման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ տաջիկական կողմի առաջարկը, ուստի չեն կարող ոչ հաստատել, ոչ հերքել 250 մլն դոլար գումարի մասին տեղեկատվությունը:

Ռուսաստանն ու Տաջիկստանը պետք է համաձայնեցնեին ռուսական 201-րդ ռազմակայանի Տաջիկստանում տեղակայման պայմանները մինչեւ այս տարվա առաջին եռամսյակի վերջ, սակայն չի հաջողվել այդ ժամկետում ավարտել բանակցությունները, հիշեցնում է Lenta.ru-ն:

Բացի այդ, հուլիսի սկզբին Ռուսաստանի ցամաքային զորերի գլխավոր հրամանատար Վլադիմիր Չիրկինը հայտարարել է, որ Դուշանբեն ավելի քան 20 պահանջ է ներկայացրել Մոսկվային, որոնք պարբերաբար փոփոխվում են եւ մեծ մասն անընդունելի են Ռուսաստանի համար: Նա մասնավորապես, նշել է, որ տաջիկական կողմը պնդում է ռազմակայանի տեղակայման ժամկետը 49-ից դարձնել 10 տարի, ինչպես նաեւ ցանկանում է ավելացնել ռազմակայանի վարձավճարի չափը:

«Տեղի է ունենում տգեղ «արեւելյան առեւտուր», որի վերջը դեռ չի երեւում»,-ընդգծել է Չիրկինը:

Հիշեցնենք, որ ռուսական ռազմակայանը Տաջիկստանում ստեղծվել է 2005 թվականին: