Ջեյմս Քեմերոնի աշխարհահռչակ «Ավատար» ֆիմը նկարահանվել է յակուտյան ժողովրդական էպոսի մոտիվներով: Այդ մասին հայտարարել է մշակույթի նախարար Անդրեյ Բորիսովը, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Դեռեւս 20 տարի առաջ ես պնդում էի, որ հարկավոր է զարգացնել յակուտյան կինոն, այլապես ամերիկյան կինոարդյունաբերությունը կսկսի ֆիլմեր նկարահանել մեր խորիմաստ էպոսի հիման վրա: Այժմ մենք տեսնում ենք, որ Քեմերոնի «Ավատար» ֆիմը նկարահանվել է «Օլոնխո» էպոսի մոտիվներով», - ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության գլուխգործոցների փառատոնի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում նշել է նախարարը:
«Օլոնխո»-ն սովորաբար անվանում են ինչպես յակուտների հնագույն էպիկակական արվեստը, այնպես էլ առանձին պատումները: Օլոնխոյում գործողությունները կատարվում են երեք աշխարհներում` Վերին, Միջին, Ստորին: Մեջտեղում Աալ Լուուկ Մասն է`Աշխարհի ծառը, որի արմատները գտնվում են ստորին աշխարհում, իսկ ճյուղերը ձգտում են վեր, որտեղ Վերին աշխարհի աստվածություններն են բնակվում:
Պատումների հիմնական թեման էպիկական Այը ցեղախմբի`Միջին աշխարհի առաջին մարդկանց եւ հերոս առաջնորդների սխրանքների ու ճակատագրի մասին է: Օլոնխոյում առանձին խումբ են կազմում Ստորին աշխարհում բնակվող Աբասի թշնամական ցեղախմբի դեմ պայքարի մասին ավանդությունները:




























