ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը ծայրաստիճան մտահոգված է ղարաբաղյան հակամարտության շփման գծում վերջին միջադեպերի կապակցությամբ: Այդ մասին նա հայտարարել է, այսօր` հուլիսի 12-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում: Նրա խոսքով` քաղաքական բանակցություններին զուգահեռ անհրաժեշտ են մի շարք միջոցառումներ:
«Ստատուս քվոն լուծում չէ, բայց անհրաժեշտ է խուսափել նման միջադեպերի կրկնությունից: Կարեւոր է, որպեսզի կողմերը զերծ մնան պատասխան ագրեսիայից», - նշել է նա` ընդգծելով շփման գծից դիպուկահարներին հեռացնելու կարեւորությունը:
Լամբերտո Զանիերի խոսքով` կողմերի համագործակցությամբ կարելի է աշխուժացնել դիտարկումների անցկացումը: Նա ընդգծել է կողմերի միջեւ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կարեւորությունը, ինչպես նաեւ միջադեպերի քննման մեխանիզմների ստեղծումը:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նաեւ մատնանշել է Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների, խորհրդարանականների, լրագրողների միջեւ շփումների կարգավորման անհրաժեշտությունը: «Հարկ է դիմակայելու դինամիկայի փոխարեն զարկ տալ բանակցությունների դինամիկային», -ասել է նա:
Լամբերտո Զանիերը լիովին համաձայն է այն պնդմանը, որ հակամարտության կարգավորման միակ ուղին բանակցային ճանապարհն է:
Ավելին, նա նշել է, որ Բաքվում Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը ասել է նույն բանը, ինչ որ Երեւանում: «Հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես քաղաքական ճանապարհով, իսկ ԵԱՀԿ-ն իր կողմից պատրաստ է աջակցել դրան», - ընդգծել է Զանիերը` հավելելով, որ բանակցային գործընթացն աշխուժացնելը հիանալի կլիներ:
Զանիերը հատկապես ընդգծել է հասարակությանը խաղաղության նախապատրաստտելու կարեւորությունը եւ այդ ուղղությամբ աշխատանքների աշխուժացման անհրաժեշտությունը:




























