Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովը Մոնակոյում հուլիսի 5-9-ը անցել է մի ժամանակաշրջանում, երբ աշխարհում մտահոգիչ իրադարձություններ են ընթանում: Այդ մասին Ազգային Ժողովում ունեցած ելույթում հայտնել է հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը:
«Խոսքս Մերձավոր Մեծ Արեւելքում, մասնավորապես Սիրիայում, Իրանում կատարվողի մասին է, որոնք կարող են իրենց ազդեցությունն ունենալ Հայաստանի վրա»,- նշեց Գեղամյանը` հավելելով, որ ԽՎ-ում ընդհանուր անդրադարձ է եղել ԵԱՀԿ տարածաշրջանին, չեզոք անդրադարձ է եղել նաեւ ԼՂ խնդրին: Գեղամյանը նշել է, թե հուլիսի 9-ին շատ կոշտ ելույթ է ունեցել, որին հակափաստարկ չեն կարողացել բերել ադրբեջանցիները, փորձել են աղավաղել իր ելույթը, սակայն հաջողության չեն հասել:
Քաղաքական կոմիտեի նիստում ունեցած ելույթում Գեղամյանը նշել է, թե այն սպանությունները, որ կատարվում են ադրբեջանցիների կողմից, այն լկտիությունը, որ ցուցաբերում է Ալիեւը, հնարավոր են դարձել եվրոպական կազմակերպությունների թողտվությամբ, եթե նրանք ժամանակին հետեւողական լինեին, նման բան Ադրբեջանն իրեն թույլ չէր տա:
Արտաշես Գեղամյանն ու պատգամավոր Արտակ Դավթյանը հանդիպել են եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, եւ բարձր կարծիք են լսել հայաստանյան ընտրությունների մասին, եվրոպացիներն էլ գովել են «Սերժ Սարգսյանին եւ ասել, որ նա ժողովրդավարության ջատագով է»:




























