Թուրքիան մինչ օրս չի կարողացել առերեսվել սեփական պատմության հետ: Այս մասին, այսօր` հուլիսի 12-ին, Երեւանում, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Անդրադառնալով թուրքական կողմի հայտարարությանը` Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ կապված «երեք քայլերի կոմբինացիայի» մասին, Նալբանդյանը նշել է, որ ի տարբերություն Թուրքիայի, միջազգային հանրությունը այլ երեք քայլերի կոմբինացիա է առաջարկում` հայ-թուրքական արձանագրությունների առանց նախապայմանների վավերացում, կրկին կրկին առանց նախապայմանների պայմանավորվածությունների կատարում, ինչպես նաեւ ձեռնպահ մնալ հայ-թուրքական խնդիրը ԼՂ խնդրի հետ շաղկապելուց եւ չխառնվել այդ խնդրին:

Նախարարի խոսքով, Թուրքիան 97 տարի չի կարողացել առերեսվել սեփական պատմության հետ: «Եթե հաջորդ երեք տարիներին Թուրքիան մտադիր է գործել նույն ոճով եւ առաջարկում է «ինչ-որ քայլերի կոմբինացիա», որոնք ոչ մի տեղ չեն տանում, ապա արդյունքը հայտնի է»,-ընդգծել է Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են, սակայն մինչ օրս չեն վավերացվել` Թուրքիայի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով, որը փորձում է խնդիրը կապել Ղարաբաղի հարցի հետ: