Իշխող կուսակցության անդամներն են իրենց լռությամբ քաղաքականացնում «Հարսնաքարի» միջադեպը, որի հետեւանքով մահացել է ռազմական բժիշկ Վահե Ավետյանը: Այս մասին այսօր՝ հուլիս 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամներից նախկին պատգամավոր, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նա նշեց, որ ՀՀԿ-ի կողմից պահանջվում է հայտարարություն՝ հստակ գնահատականերով: «Քաղաքականացումը լինում է ոչ միայն գործողություններով, այլեւ անգործությամբ»,- ասաց նա:

Գնահատելով այս ողբերգական միջադեպին քաղաքական ուժերի կողմից տրված գնահատականները՝ Լ. Ալավերդյանը նշեց, որ դրանք վերին աստիճանի կարծրատիպերով ուղղորդվող եւ վախվորած է, «կարծես թե իրապես սկսվել է մի գործընթաց, որտեղ ամեն մեկն ուզում է մյուսին ասի, թե ինչու ես դու վերցրել քո վրա այդ բանը, մեր ուժերը շատ ավելի համեստ են»: «Հարսնաքարի» միջադեպը քաղաքականցնելու եւ դիվիդենտներ շահելու մասին տարբեր անձնաց կողմից հնչած հայտարարություններին ի պատասխան՝ Լարիսա Ալավերդյանն այսպես արձագանքեց. «Ամեն մարդ մռածում է եւ չափում է իր արշինով, քանի որ այդ անձինք միայն դրանով են ղեկավարվում, նրանց հասու չէ, որ կարող է մարդը ջղայնանալ, ցավ զգալ, բողոքել, երկրին տեր կանգնել, ռիսկի դիմել, բիրտ ուժին դեմ կանգնել, իշխանության մեջ այդ անձինք մտածում են, որ իրենց տեղերը հարստացման, այլոց ճնշելու համար են, չեն պատկերացնում, որ կարող է լինել շարժում, որի նպատակները ազնիվ են, ես իրենց հասկանում եմ, իրենք մեզ չեն հասկանում, դա նրանց սահմանափակ մտածելակերպի հետեւանք է»,- ասաց նախկին պատգամավորը:

Շարժման նախաձեռնող խմբի անդամներն իրավապահներին եւ հասարակությանը զգոնության եւ անտարբեր չլինելու կոչ են անում՝ հիշեցնելով, որ մի վայր, որտեղ դժբախտություն է տեղի ունեցել, ցավ է եղել, այնտեղից չի կարող սկսվել ոչ մի ուրախություն:

«Քաղաքացիները պետք է հասկանան, որ միայն ինքնակազմակերպվելով հնարավոր է այս համակարգը կազմաքանդել, այստեղ քաղաքացիական գիտակցության աճի հետ է կապված խնդիրը»,- ասաց նախաձեռնող խմբի անդամներից Գարեգին Չուքասզյանը: Նրանց նպատակն է քաղաքական, հաարակական, բարոյական, տնտեսական, ֆինանսական ոլորտներում հասնել հատուցման:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը` ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:

Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել էր 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:

Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, թե հրաժարվում է իր պատգամավորական մանդատից: