Ազգային Ժողովի էթիկայի հանձնաժողովը դառնալու է խորհրդարանի ամենազբաղված հանձնաժողովներից մեկը` հագեցած օրակարգով, քանի որ, դատելով ԱԺ տեսքից, պարզ է, որ ոչ բոլոր ընտրյալներն են ապրում պատգամավորական աշխատավարձի հաշվին: Այդ մասին այսօր` հուլիսի 12-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Էթիկայի հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը:

«Եթե մենք կարողանանք ապահովել էթիկայի պահպանությունը պատգամավորների կողմից, նրանց նորմալ աշխատաոճը, կառավարության անդամներն ու այլ գերատեսչությունները ներկայացուցիչները բավականաչափ ողջամտություն կցուցաբերեն եւ կհետեւեն պատգամավորների օրինակին»,- նշել է Մինասյանը:

Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, արդյոք տեղեկացվելու է պատգամավորը, թե ո՞վ է իր դեմ հայց ներկայացրել եւ չի՞ հանգեցնի դա արդյոք ճնշումների, Մինասյանը պատասխանել. «Ես չեմ բացառում պատգամավորների կողմից ճնշումներ բանեցնելու փաստը, սակայն չեմ ցանկանում, որ դա ազդի խորհրդարանականների անպատշաճ վարքի մասին հայտարարություն ներկայացնողների վրա: Բայց մյուս կողմից պատկերացրեք, եթե այդ հայտարարություններն անանուն լինեն: Դա կբարդացնի ապացույցներ հավաքելու գործընթացը: Լրջության մասին խոսք լինել չի կարող»:

Մինասյանի գնահատականով, այսօրվա դրությամբ քաղաքացիական հասարակությունն այնքան ակտիվ է, որ իր կարծիքը հայտնում է իրեն անհանգստացնող ցանկացած հարցով. «Եթե ինչ-որ մեկը վախենում է ճնշումից, կարող է դիմել հասարակական կազմակերպության միջնորդությամբ նաեւ այն պատգամավորների, ում վստահում են: Մի խոսքով, կան տարբեր մեխանիզմներ»,- նշել է պատգամավորը: