Հայաստանը ԵԱՀԿ-ի ակտիվ անդամ է: Այդ մասին հուլիսի 12-ին Երեւանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում նշել է Կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:
Նշելով, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում սա իր առաջին այցն է Հայաստան, Զանիերն ասել է, որ նախկինում արդեն եղել էր Երեւանում: Նրա խոսքով` Կազմակերպությունում 20 տարվա անդամակցության եւ Երեւանում ավելի քան 10 տարի ԵԱՀԿ գրասենյակի գոյության ընթացքում մեծ աշխատանք է կատարվել շատ ուղղություններով. աջակցություն բարեփոխումներին, հասարակության ժողովրդավարացմանը, տնտեսական եւ բնապահպանական ոլորտների ծրագրեր:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հայկական կողմը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում պաշտպանում էր Լամբերտո Զանիերի թեկնածությունը, եւ հույս է հայտնել, որ նման փորձառու դիվանագետը ավանդ կներդնի կազմակերպության զարգացման գործում: «ԵԱՀԿ-ն կարեւոր դեր է կատարում Վանքուվերից Վլադիվոստոկ ընկած տարածքում», - նշել է նախարարը` հավելելով, որ Հայաստանը կարեւոր ավանդ է ներդրել ԵԱՀԿ-ի գործունեության երեք ուղղություններում` նպաստելով Կազմակերպության արդյունավետության ու հեղինակության աճին:
Նախարարի խոսքով` մամուլի ասուլիսին նախորդած հանդիպման ընթացքում քննարկվող հարցերի շարքում է եղել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Կողմերն ընդգծել են, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ որ հարկավոր է հանրությանը նախապատրաստել խաղաղության:



























