Սմոլենսկի մարզի ֆուտբոլի ֆեդերացիան Պետդումայի` ՌԼԴԿ-ից ընտրված փոխնախագահ Իգոր Լեբեդեւի թեկնածությունն առաջադրել է Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի պաշտոնում: Իգոր Լեբեդեւը հայտնի սկանդալային գործիչ, ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիի որդին է:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ինքը Լեբեդեւը հայտարարել է, թե պատրաստ է գլխավորել ՌՖՄ-ն: «Մենք առաջին տարին չէ, որ խոսում ենք այդ մասին»,-նշել է 39-ամյա գործիչը:

Լրատվամիջոցներում որպես հնարավոր թեկնածուներ նշում են Պետդումայի նախկին խոսնակ Բորիս Գրիզլովին, ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչին, նախկին վարչապետ Վիկտոր Զուբոկվին: Իր մտադրության մասին հայտարարել է նաեւ նախկին ֆուտբոլիստ, հեռուստամեկնաբան Եվգենի Լովչեւը: