Ռուսական «Սբերբանկ Կապիտալ» ՍՊԸ-ն («Սբերբանկ Ռոսսիի» ԲԲԸ դուստր ընկերություն) ձեռք է բերել հայաստանյան «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ընկերության 49% բաժնետոմսերը: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են «Պարամաունտ Գոլդ Մայնինգից»: Նշենք, որ «Պարամաունտ Գոլդ Մայնինգին» է պատկանում ՀՀ Կոտայքի մարզի Լուսաջրի ոսկու հանքավայրի շահագործման իրավունքը: Բաժնետոմսերի մնացյալ 51%-ը հայ գործարար Տիգրան Արզաքանցյանին է պատկանում:
Երեւան քաղաքից 70 կմ հեռավորության վրա գտնվող հանքավայրի արդյունաբերական շահագործումը նախատեսվում է սկսել մինչեւ 2012 թվականի վերջը: Ոսկու պաշարները C1+ C2 կարգերով կազմում են 18,5 տոննա: 2013 թ. վերջին ամբողջ հզորությամբ գործարկվելուց հետո նախատեսվում է ամեն տարի արդյունահանել 0,7-1,0 տոննա ոսկի: Ծրագրի շրջանակներում արդեն կառուցված է հարստացուցիչ ֆաբրիկա տարեկան 150 հազար տոննա հանքաքար արտադրողականությամբ: Ներկայումս ձեռք են բերում սարքավորումներ ստորգետնյա արդյունահանման համար, սկսվել է ճանապարհների եւ այլ ենթակառուցվածքների շինարարությունը:
«Ռուսաստանյան գործընկերը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի այլ հանքավայրերի հանդեպ եւս, այդ պատճառով մեր համագործակցությունն ունի մեծ հեռանկարներ»,- NEWS.am-ին ասաց գործարար Տիգրան Արզաքանցյանը: Նրա հավաստմամբ, Լուսաջրի շահագործումը կստեղծի մինչեւ 450 բարձր վարձատրվող աշխատատեղ:



























