Երեւանը հիանալի հասկանում է, որ ռուսական 102-րդ  ռազմակայանը  Հայաստանի տարածքում պետք է առաջին հերթին հենց իրեն, ոչ թե Մոսկվային: Այդ մասին ասվում է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ռուսական ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Խրամչիխինի հոդվածում, որը հրապարակվել է «Ռազմաարդյունաբերական սուրհանդակ» ամսագրում: Ըստ Խրամչիխինի` կայանը երաշխավորում է Հայաստանի անկախությունը, եւ դա հիանալի գիտակցում են երկրի իշխանությունները:

«Այդ պատճառով Երեւանը լիովին վճարում է դրա (ռազմակայանի-խմբ.) ծախսերը», - գրում է Խրամչիխինը:

Երեւանի եւ Դուշամբեի վարքը համեմատելով`Խրամչիխինը նշում է. «Տաջիկական բանակը հայկականից թույլ է, սակայն չգիտես ինչու Դուշամբեում կարծում են, որ Տաջիկստանը Ռուսաստանին ավելի անհրաժեշտ է, քան նա նրան: Դա շատ խոր մոլորություն է»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Տաջիկստանի իշխանությունները ռուսական 201-րդ ռազմակայանի գտնվելը իրենց տարածքում գնահատել են  «տարեկան 250 միլիոն դոլար»: Ըստ որոշ տվյալների` Դուշանբեն Մոսկվային 20 պահանջ է ներկայացրել, որոնք մշտապես փոփոխվում են: Խոսքը ռազմակայանի`49 տարվա փոխարեն 10 տարի տեղակայելու ժամկետի, ինչպես նաեւ հանրապետությունում նրա տեղակայման համար գումար վճարելու մասին է: