Մեծ Բրիտանիայի ազգային արխիվը մեծ քանակությամբ գաղտնի նյութեր է հրապարակել, որոնք կապված են ՉԹՕ-ի հետ: Այժմ ցանկացած ոք կարող է կարդալ փաստաթղթերի 6700 էջ, որոնք նախկինում թաքնված էին օտարների աչքերից, հայտնում է The Daily Telegraph-ը, հաղորդում է NEWSru. com-ը:
Այսպես, օրինակ, հայտնի է դարձել, որ Միացյալ թագավորությունում այլմոլորակային քաղաքակրթություններով հետաքրքվել են ամենաբարձր մակարդակներում, իսկ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը 1998 թվականին ասուլիս էր հրավիրել ՉԹՕ-ի հարցերով:
Նման ասուլիսի պատճառ է դարձել գրող, ուֆոլոգ, «ՉԹՕ-ի փորձագետ» Նիկոլաս Ռեդֆերնի դիմումը, որը այն ժամանակվա վարչապետին բողոքել էր կառավարության կողմից այլմոլորակայինների մասին ցանկացած տեղեկության թաքցման դեմ եւ խնդրել էր «ՉԹՕ-ների եւ նրանց հետ կապված տվյալների մասին բազմատեսակ տեղեկություններ տեղադրել» ազատ մուտքի իրավունքով:
Պատասխան նամակում Բլերը գրել էր, որ նրան հետաքրքրող տեղեկությունը կարող էր ներկայացվել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին համապատասխան: «Կառավարությունը չի ֆինանսավորում ՉԹՕ-ների հետազոտությունները, եւ նման աշխատանքը նախաձեռնելու որեւէ ծրագրեր չկան»:
Փաստաթղթերում կան նաեւ այլմոլորակայինների` Երկիր այցելելու վերաբերյալ տեղեկություններ: Այսպես, թե ինչու են այլմոլորակայիններն այցելում «անհետաքրքիր աստղի շուրջ պտտվող աննշան մոլորակ» հարցերը տրվել են դեռեւս 1979 թվականին` Լորդերի պալատի նիստում:
Իսկ 1995 թվականի կառավարության նիստում հիշատակվում է, որ այլմոլորակայինների այցերը կարող են կատարվել «ռազմական հետախուզության» կամ «գիտական» կամ «տուրիստական» նպատակներով: Այդ պատճառով էլ ՉԹՕ-ների նկատմամբ պետք է դիտարկում սահմանեն, ընդգծվում է զեկույցում: Ընդ որում հետախույզը նշել է, որ այլմոլորակայինները դեռեւս «թշնամական մտադրություններ» չեն ցուցաբերում:




























