«Բարգավաճ Հայաստանը» չի քննարկել առաջիկա նախագահական ընտրությունները:  Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ի պատասխան ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցչի տեղակալ Արսեն Ղազարյանի այն հայտարարության, թե «եթե հաջողվի համախմբել բոլոր ընդդիմադիր ուժերին ընդհանուր քաղաքական պլատֆորմի շուրջ,  հնարավոր կդառնա թեկնածուի առաջադրում ոչ ՀՅԴ-ից», Զոհրաբյանն ասաց. «Նախագահական ընտրությունները «Բարգավաճ Հայաստանը» չի քննարկել: Մենք այդ կապակցությամբ հայտարարությամբ հանդես կգանք միան այն ժամանակ, երբ անհրաժեշտ համարենք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի այն հայտարարությանը, թե կոալիցիոն հուշագրում կա մի կետ, համաձայն որի, եթե փաստաթուղթն ստորագրած քաղաքական ուժերը չցանկանան պահպանել հուշագրի դրույթները, պետք է հանդես գան հայտարարությամբ,  իսկ առայժմ քաղաքական  երեք ուժերից եւ ոչ մեկը  նման քայլ չի արել, Ն. Զոհրաբյանն ասաց. «Կուսակցությունը չի մեկնաբանում այդ հայտարարությունները, եւ դա այն հարցը չէ, որի շուրջ տեղին է իմ անձնական կարծիքը հայտնել»: