Եթե հայաստանյան ընդդիմությունը կարողանա սահմանել այն չափանիշները, որոնց շուրջ հնարավոր կլինի միավորվել 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, դա մեծ ձեռքբերում կլինի, այդ թվում նաեւ քաղաքական մշակույթի տեսանկյունից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» խմբացկության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, պատասխանելով հարցին, թե որքանով է իրական, որ ընդդիմությունը նախագահական ընտրություններում հանդես գա միասնական թեկնածուով:
Հարցին, թե պատրա՞ստ է արդյոք «Ժառանգությունը» որոշակի հանգամանքներում աջակցել, ասենք, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանին կամ այս կամ այն անկուսակցական թեկնածուին, Հակոբյանը նշեց, որ միասնական թեկնածուն պետք է բխի ընդհանուր գաղափարական պլատֆորմից, իսկ այդպիսին դեռ չկա: «Այսօրվա դրությամբ այդ հարցը դրված է տեսական հարթության մեջ, քանի որ պրակտիկայում ես նման միտում չեմ տեսնում: Ավելի շուտ հակառակն եմ տեսնում»,-ասաց Հակոբյանը:
Նրա կարծիքով, իրականությունն այնպիսին է, որ բոլորը խոսում են ընդդիմության միասնական թեկնածուի մասին, բայց այդ դերում տեսնում են միայն իրենց թեկնածուին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանի հայտարարել էր, որ «եթե հնարավոր լինի տարբեր ընդդիմադիր ուժերի համախմբել ընդհանուր քաղաքական պլատֆորմի շուրջ, հնարավոր է նաեւ ոչ դաշնակցական թեկնածուի պաշտպանելու տարբերակը»։



























