Քաղաքական ընդդիմության միավորումը Հայաստանում դրական դեր կխաղա եւ կառողջացնի ներքաղաքական դաշտը երկրում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը` մեկնաբանելով ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանի հայտարարությունը, որ «եթե հնարավոր լինի տարբեր ընդդիմադիր ուժերի համախմբել ընդհանուր քաղաքական պլատֆորմի շուրջ, հնարավոր է նաեւ ոչ դաշնակցական թեկնածուի պաշտպանելու տարբերակը»։
«Մենք սկզբնապես ասել են, որ հանդես ենք գալիս միավորման օգտին, եթե դա ենթադրում է միավորում գաղափարի շուրջ, այլ ոչ ինչ-որ մեկի, լինի դա կուսակցություն, քաղաքական գորշիչ, կամ ինչ-որ բան»,- նշել է Սահակյանը` հավելելով, որ տվյալ դեպքում կարեւոր չէ` խոսքը ընդդիմության, թե իշխանության մասին է:
Նա միաժամանակ նկատել է, թե ընդդիմության ներկայացուցիչների վերջին հայտարարությունները թույլ են տալիս ենթադրություններ անել, որ իր շարքերում ամեն ինչ չէ, որ հարթ է: «Ինձ քիչ հավանական է թվում, որ հաջողվի միավորել ընդդիմադիր ողջ դաշտը, բայց եթե դա ստացվի, կարելի է միայն ողջունել»,- նշել է պատգամավորը:
Նրա խոսքով, իշխանության համար ավելի հեշտ կլինի խոսել միավորված գաղափարական հակառակորդի դեմ, նրա հետ քաղաքական բանավեճեր տանել: Նա նաեւ խոսել է կոալիցիոն հուշագրի մասին, որով ԲՀԿ-ն պարտավորվում էր պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: «Եթե ԲՀԿ-ն նախորդ նախագահական ընտրություններում աջակցել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, իսկ այս անգամ հակառակը չի հայտարարում, տրամաբանական է ենթադրել, թե նույնը կլինի նաեւ 2013թ.»,- կարծում է Հովհաննես Սահակյանը:




























