Պենելոպա Քրուզն ու Խավիեր Բարդեմը, ըստ լուրերի, երկրորդ երեխային են սպասում: Եթե հավատանք իսպանական մամուլին, դերասանուհին գտնվում է հղիության երրորդ ամսում, հաղորդում է Dni.ru-ն:
Զույգին մոտ կանգնած աղբյուրը վստահեցնում է, որ 38-ամյա Պենելոպան իսկապես հղի է, որի համար անսահման ուրախ է:
Զույգն արդեն ունի 1,5 տարեկան որդի, իսկ շատ շուտով փոքրիկ Լեոնարդոն քույր կամ եղբայր կունենա, գրում է FemaleFirst-ը:
Վերջերս դերասանուհին խոստովանել էր, որ ժամանակ է գտնում տնային գործերով զբաղվելու համար, իսկ որդու հետ ժամանակ անցկացնելն իր համար աշխարհում լավագույն զբաղմունքն է: «Ես կարողանում եմ պատրաստել, ինձ համար կարեւոր է, որպեսզի ամեն օր լինի թարմ սնունդ: Ես դիետա չեմ պահում, ուղղակի սնվում եմ միջերկրածովյան խոհանոցով: Չիշտ սնվելը շատ կարեւոր է»,-ասել է նա:
Նրա ամուսինը` Խավիեր Բարդեմը հիմա զբաղված է Ջեյմս Բոնդի մասին հերթական ֆիլմի նկարահանումներով, նրան բաժին է ընկել գլխավոր չարագործի դերը: Իր սիրելիի հղիության մասին լուրերը նա չի շտապում մեկնաբանել:
Քրուզն ու Բարդեմը միշտ էլ եղել են ամենագաղտնապահ հոլիվուդյան զույգերից մեկը: Երկրպագուներին միշտ դժվարությամբ է հաջողվել նրանց անձնական կյանքի իրադարձությունների մասին տեղեկություններ ստանալ:




























