Արդեն 9 օր է` «Սիվիլիթասում» շարունակվում են հարկային ստուգումները ԱԱԾ դիմումի հիման վրա, դրանք պետք է տեւեն 15 օր: Այս մասին այսօ`ր հուլիս 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը::  «Մենք ի սկզբանե կարեւորություն ենք տվել, որ մեր գործունեությունը ամբողջությամբ լինի օրենքի դրույթներով եւ թափանցիկ: Եվ ուրախ եմ ասել, որ այն, ինչ մենք ակնկալում էինք, իսկապես, մեր փաստաթղթային, հաշվապահական գործունեությունը բավական մաքուր է»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ քրեական գործի հարուցումն անհիմն է:

Անդրադառնալով «Սիվիլիթասի»` մորմոնների կողմից  ֆինանսավորմանը, մասնավորապես`  խոսքը ամերիկացի բարեգործ Ջոն Հանթսմանի մասին, որի հատկացրած գումարով է Սիվիլիթաս հիմնադրամը սկսել գործունեությունը` Սալբի Ղազարյանը նշեց.«Մենք ունենք ֆինանսական աջակցություն տարբեր դոնորների կողմից՝ տարբեր կրոնների պատկանող»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ Սիվիլիթասը ֆինանսավորվում է մի շարք անհատների եւ մի շարք գործընկերների կողմից:

Հիմնադրամի փաստաբան Արթուր Գրիգորյանը կմտնի դատարան` ԱԱԾ-ի որոշումը վերացնելու խնդրանքով, որի հիման վրա գործը հարուցվել է եւ վարույթ ընդունվել:

«Շանսերը, բնականաբար, բարձր չեն գնահատվում այն պարզ պատճառով, որ այստեղ ամբողջ դատաքննչական համակարգը այդ ներուժը պետք է աշխատի, որ իրենց ներկայացրած գործի հիմքերը ինչ-որ կերպ արդարացնեն: Ձեր ուշադրութունը հրավիրում եմ այն հանգամանքին, որ մենք հիմա չենք ասում, որ ում դուք կասկածում եք, անմեղ են: Մենք ասում ենք` ի սկզբանե այդ գործը, որը հարուցել եք, այդ որոշումը վերացրեք: Եթե վերացնեն, դա աննախադեպ բան կլինի Հայաստանի դատական համակարգի, քննչական համակարգի համար»,- ասաց նա: Այժմ նրանք դիմում են առաջին ատյանի դատարան, եթե չվերացնեն որոշումը, ապա` կդիմեն Վերաքննիչ, Վճռաբեկ դատարան, կախված հանգամանքներից՝  կորոշեն ինչ լրացուցիչ միջոցների դիմել, անհրաժեշտության դեպքում` դուրս գալ Հայաստանի դատաիրավական հարթությունից

Հարցին, թե  Վարդան Օսկանյանը այս գործում քաղաքական ենթատեքստ է տեսնում եւ հիմա, երբ որեւէ բան չի բացահայտվում, կարելի՞ է ասել, որ իշխանությունները քաղաքական հետապնդումը դադարեցրել են, Ղազարյանը պատասխանեց. «Քանի որ գործը կարճված չէ, այն շարունակվում է: Եթե գործը շարունակվում է, մենք շարունակում ենք ասել, որ այնտեղ կա քաղաքական նպատակ, քաղաքական պատվեր, քաղաքական մի բան, որովհետեւ չկա որեւէ ուրիշ փաստացի մեղք, պրոբլեմ, սխալմունք, խախտում եւ այլն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ քննչական վարչությունը մայիսի 25-ին հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցել, որի հետ կապված շոշափվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը։

Այս առնչությամբ Օսկանյանը Facebook-ի իր էջում գրել էր. «ԱԱԾ տարածած հաղորդագրության բովանդակությունից ակնհայտ էր, որ հարուցված քրեական գործի շրջանակում ես հարցաքննվում եմ ոչ թե որպես վկա, այլ՝ կասկածյալ: Սա նկատի ունենալով՝ ես որոշեցի օգտվել իմ սահմանադրական իրավունքից եւ ցուցմունք չտալ»: Նա հայտարարել է, որ սա քաղաքական հետապնդում է: