«Էկոտոմատո» ՓԲԸ-ն 7-8 մլն դոլար կներդնի հիդրոպոնիկ տեխնոլոգիաներով հոլանդական վարդեր աճեցնելու համար նոր ջերմատան կառուցմանը: Այդ մասին այսօր` հուլիսի 12-ին, հայտնել է ընկերության տնօրեն Արսեն Սանդոյանը: Արդյունքում ընկերությունը պատրաստվում է վարդերի արտադրությունը հասցնել տարեկան 6-7 միլիոն հատի: Նախագիծը կֆինանսավորեն «ՎՏԲ (Հայաստան)» բանկը (4 մլն դոլար) եւ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն (3 մլն):
Վարդերը նախատեսվում է արտահանել Ռուսաստան, Վրաստան, ինչպես նաեւ Եվրոպա, այդ թվում նաեւ ` Հոլանդիա: Նշված միջոցները կտրամադրվեն վարկային գծի տեսքով, իսկ նրանց ճշգրիտ ծավալը կորոշվի նախագծի ընթացքում: Միջոցները նախատեսվում են ջերմատան կառուցման եւ այն հոլանդական «Dalsem» ընկերության սարքավորումներով հագեցնելու համար:
Ներկայումս «Էկոտոմատոն», որը գործում է 2011 թվականի մայիսից, արդեն ունի 2 հա մակերեսով տնտեսություն: 3 հա տարածքով նոր ջերմատան կառուցումը կավարտվի մի քանի ամիս անց:
«Հայաստանի համար գյուղատնտեսությունը ռազմավարական նշանակություն ունի, եւ մենք ուրախ ենք նրա զարգացմանն աջակցելուն: Այդ ծրագիրը երկու բանկերի համագործակցության լավ օրինակ է», – հայտարարել է «ՎՏԲ (Հայաստան)» բանկի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Յուրի Գուսեւը:
Նշենք, որ բանկի գյուղատնտեսական վարկերի պորտֆելը մեծ չէ. տարվա արդյունքներով այն կազմել է 3,1 միլիարդ դրամ (7,6 միլիոն դոլար) կամ բանկի ընդհանուր պորտֆելի 2,5%-ը: Այնուամենայնիվ, հայտարարել է Գուսեւը, բանկը պատրաստ է ֆինանսավորել հեռանկարային նոր ջերմոցային նախագծեր:
































