«Կոմիտաս» պիեսի համաշխարհային պրեմիերան կկայանա հուլիսի 13-ին Լոս Անջելեսի «Atwater Village Theatre»-ում, գրում է «Asbarez»-ը:
«Կոմիտաս» պիեսը, որն անգլերեն է, առաջին հերթին սիրո պատմություն է. Կոմիտաս վարդապետի սիրո պատմությունը իր սիրեցյալ Մարգարիտի նկատմամբ, ինչպես նաեւ երաժշտության նկատմամբ նրա կրքի, հայ ժողովրդի հանդեպ նրա ամուր եւ խորը սիրո մասին: Դա պատմության դասագիրք չէ: Դա պատմություն է ռոմանտիկայի, արկածների, երաժշտության, մշակույթի, սիրո եւ ազատության մասին, որը չի կարող ճնշվել: Այդ պատմությունը Կոմիտասի հաղթանակի մասին է:
Պիեսի հեղինակ, պրոդյուսեր եւ դրամատուրգ Լիլի Թումանյանը ուսանել է Ժնեւի համալսարանում: Նա ավելի շատ հայտնի է «Թող ժայռերը խոսեն» պիեսով, որը 2001 թ-ին արժանացել է «Catawba College Peterson Award» մրցանակի: Իրաքահայերի մասին նրա «Նադյա» պիեսն էլ 2008թ-ին արժանացել է Վիլյամ Սարոյանի մրցանակին:
Ներկայացման ռեժիսորը Պավել Չերնին է: Դերասանական կազմում ընդգրկված են ինչպես հայազգի, այնպես էլ օտարազգի դերասաններ:




























