Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը թալիբների առաջնորդ Մուլլա Մուհամեդ Օմարին կոչ է արել հրաժարվել երկրի կառավարության դեմ պայքարից եւ առաջադրվել նախագահական ընտրություններում:

Այսօր` հուլիսի 12-ին, հանդես գալով Քաբուլում լրագրողների առաջ, Քարզայը հայտարարել է, որ Մուլլա Օմարը կարող է իր քաղաքական կուսակցությունը ստեղծել, իր գրասենյակը բացել Աֆղանստանում եւ մասնակցել ընտրություններին, հաղորդում է  svobodanews.ru-ն:

Մուլլա Օմարի գտնվելու վայրն անհայտ է 2001 թվականից ի վեր, երբ միջազգային կոալիցայի ուժերը` ԱՄՆ գլխավորությամբ, տապալեցին թալիբների ռեժիմն այդ երկրում:

Նա ամենափնտրվող մարդկանցից մեկն է աշխարհում: ԱՄՆ-ը Օմարի վերաբերյալ տեղեկության համար 10 մլն դոլար պարգեւ է խոստանում, որը կարող է հանգեցնել նրան բռնելուն:

Քարզայը բազմիցս կոչ է արել Մուլլա Օմարին վայր դնել զենքը եւ միանալ խաղաղ գործընթացին, սակայն թալիբները մերժում են Աֆղանստանի նախագահի առաջարկը: