Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը վստահություն չունի, թե իրենց կհաջողվի հավաքել 44 պատգամավորների ստորագրություններ` ՝ «Հարսնաքարի» դեպքերի հետ կապված ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նպատակով Ազգային Ժողովի արտահերթ նիստ գումարելու առաջարկ ներկայացնելու համար: Զուրաբյանն այդ մասին ասել է այսօր` հուլիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանը:
Նշենք, որ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» արտահերթ նիստ անելու առաջարկով են հանդես եկել։ Նրանք առաջարկում են հուլիսի 17-ին, ժամը 12-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրել՝ «Հարսնաքարի» դեպքերի հետ կապված ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նպատակով։
«Սա իսկապես լուրջ հարց է եւ մենք վստահություն չունենք, որ կարող ենք հավաքել 44 ստորագրություն, բայց մենք նախաձեռնել ենք: Շատ լավ կլինի, որ կարողանանք հավաքել, բայց եթե անգամ չլինի, սա նախազգուշական զանգ է: Եւ որքան շատ հավաքենք, այնքան բարձր է այդ զանգը հնչելու»,- նշել է Զուրաբյանը:
Խոսելով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հավանականության մասին` Լեւոն Զուրաբյանը նշել է, թե հանձնաժողովի վերջնական կազմն ու անելիքներն արտացոլված կլինեն վերջնական փաստաթղթի մեջ:
Ի դեպ, չորս խմբակցությունները միասին ունեն 54 պատգամավոր:
Նշենք, որ ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում ասված է, թե «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցության» եւ «Ժառանգության» խմբակցությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած խորհրդակցությունները որոշում ենք այլ խմբակցությունների պատգամավորների հետ համատեղ հուլիսի 17-ին ժամը 12-ին հրավիրել Աժ արտահերթ նստաշրջան «2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին մահ պատճառելու հանգամանքների ուսումնասիրության նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու ԱԺ որոշում ընդունելու մասին» օրակարգով»:




























