Հայաստանի հանրապետական կուսակցությունը դեռ չի քննարկել Գյումրիի քաղաքապետի թեկնածուի հարցը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին, արդյոք ՀՀԿ-ն թեկնածու կառաջադրի երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի ղեկավարի պաշտոնում:
Շարմազանովի խոսքով, մինչեւ ընտրություններ դեռ ժամանակ կա, եւ ՀՀԿ-ն կքննարկի ու կառաջադրի իր թեկնածուներին. «ՀՀԿ-ն մեծ ուշադրություն է դարձնում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, եւ պատահական չէ, որ ՏԻՄ շատ ղեկավարներ հանրապետականներ են»:
Շարմազանովը նաեւ նկատել է, թե այս անգամ էլ ՀՀԿ-ն մեծ ուշադրություն է դարձնելու ընտրություններին եւ հանրապետականների մասնակցությունը շոշափելի կլինի արդյունքների առումով: «ՀՀԿ-ն առնվազն կպահպանի իր դիրքերը կամ կընդլայնի համայնքապետերի թիվը` ժողովրդի աջակցության շնորհիվ»,- ասել է նա:
Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սեպտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններում չի առաջադրի իր թեկնածությունը: «Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել Գյումրիում առաջադրել ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի թեկնածությունը, իսկ Վարդան Ղուկասյանին հասկացրել է, որ մի կողմ քաշվի: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը փորձել է ընդդիմանալ Բալասանյանի թեկնածությանը եւ ԲՀԿ-ից այլ թեկնածու առաջադրել, ինչին Սերժ Սարգսյանը դեմ է եղել»,- գրել է «Ժամանակը»:




























