Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում այսօր` հուլիսի 12-ին, ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ –ի նախագահությամբ «Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի առիթով հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակն այս տարի շնորհվել է կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին (ֆոտոռեպորտաժ): Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
Արարողության սկզբում Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը խոսել է հայ կինեմատոգրաֆիայի պատմության, ապա «Ոսկե ծիրանե կինոփառատոնի առաքելության մասին: Իր խոսքում Սրբազանը նաեւ անդրադարձել է Հայ Եկեղեցու մշտամնա հոգատարությանը հայ մշակույթի եւ հոգեւոր-մշակութային արժեքների հանդեպ: Ներկայացնելով մեծարյալի ստեղծագործական վաստակը` Սրբազան Հայրը մաղթել է մեծանուն կինոռեժիսորին նորանոր ստեղծագործական հաջողություններ ու ձեռքբերումներ: Մրցանակակիրը, շնորհակալություն հայտնելով Հայրապետական մրցանակի արժանանալու բարձր պատվի համար, անդրադարձել է կինեմատոգրաֆիայի կարեւոր առաքելությանը մարդկության կյանքում, արվեստի այս ճյուղի այսօրվա զարգացման ուղիներին ու արժեքներին:
Արարողությունը փակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով եւ «Պահպանիչ» աղոթքով: Գարեգին Բ-ն, ողջունելով կինոփառատոնի մասնակիցների ներկայությունը Մայր Աթոռում, իր գնահատանքն է հայտնել փառատոնի հիմնադիր-տնօրենին եւ կազմակերպիչներին, ինչպես «Եղիցի լույս» մրցանակի շնորհման հանձնախմբին: Վեհափառ Հայրապետը իր օրհնությունն ու շնորհավորանքն է բերել նաեւ Ալեքսանդր Սոկուրովին` մաղթելով Աստծու զորակցությունը նրա ստեղծագործական կյանքին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ սա գեղեցիկ մի ավանդույթ կդառնա Հայոց Եկեղեցու կյանքում, երբ վաստակաշատ արվեստագետներ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ամեն տարի կարժանանան «Եղիցի լույս» մրցանակի:



























