Թուրք ռեժիսոր Օսչան Ալփերի «Ապագան ձգվում է հավերժ» ֆիլմը, որն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» միջազգային 9-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում` «խաղարկային ֆիլմ» ժանրում, պատմում է Թուրքիայում «քրդական խնդրի» մասին: Այս մասին այսօր` հուլիսի 12-ին, Երեւանում, մամուլի ասուլիսում նշել է ֆիլմի հեղինակ Օսչան Ալփերը:

Ալփերի ֆիլմերն, իր իսկ խոստովանությամբ, շոշափում են քաղաքական թեմաներ: «Բայց ես նպատակ չունեմ իմ ֆիլմերը վերածել քարոզչության հարթակի: Ինձ առավել շատ հետաքրքրում է մշակութային ասպեկտը»,-ընդգծել է ռեժիսորը:

Ալփերի խոսքով, ֆիլմը ոչ միայն քրդերի մասին է, այլեւ Թուրքիայում ապրող բոլոր ազգային փոքրամասնությունների: Ռեժիսորը Թուրքիան համեմատել է բազմաթիվ սենյակներով տան հետ: «Երբ մի սենյակում խնդիր է ծագում, փոխանակ միասին լուծեն խնդիրը, պազրապես փակում են այդ սենյակի դուռը, իսկ ժամանակի ընթացքում տեսնում ենք, որ խնդիրներ կան գրեթե բոլոր սենյակներում»,-ասել է նա:

Միաժամանակ Ալփերի խոսքով, իր ֆիլմերը մեծ արձագանք են ունենում թուրք հասարակության մեջ: «Իմ նախորդ ֆիլմը թողարկվել է 150 հազար տիրաժով, իսկ դա շատ լավ ցուցանիշ է Թուրքիայի համար: Եվ սա ընդամենը օրինական վաճառքի մասին է»,-ասել է ռեժիսորը, հատկապես ընդգծելով, որ դեռ 15 տարի առաջ ինքը չէր կարող այսպես անկեղծ խոսել Թուրքիայի համար ցավոտ թեմաներից, ինչը խոսում է Թուրքիայում քաղաքացիական հասարակության առաջընթացի մասին:

Օսչան ալփերը ծագումով համշենահայ է, ամուսնացած է Հրանտ Դինքի զարմուհու` Լուսին Դինքի հետ:

«Ապագան ձգվում է հավերժ» ֆիլմի գլխավոր հերոսուհին Համշենի հայուհի է Սումրա անունով, ով Հայոց ցեղասպանության մասին անատոլիական երգերի գիտական հետազոտությամբ է զբաղվում: