Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը կասկածի տակ է դրել վարկածը, ըստ որի, թուրքական RF-4E կործանիչը խփվել է Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», Թուրքիայի ՊՆ-ն իր վերջին հայտարարությունում, ի տարբերություն նախկին ձեւակերպումների («մեր օդանավը խփվել է Սիրիայի կողմից»), նշել է. «օդանավ, որը, ինչպես պնդում են, խփվել է Սիրիայի կողմից», ինչը կարող է վկայել այն բանի օգտին, որ այն պարզապես աղետի է ենթարկվել:

Արտակարգ պատահարի պատճառների մասին վեճերը ուժգնացել են Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի կողմից չորեքշաբթի օրը տարածած հայտարարությունից հետո, որում ասվում է, որ անցկացված հետաքննության եւ փորձաքննությունների ընթացքում օդանավի բեկորների վրա այրման եւ պայթուցիկ նյութերի հետքեր չեն հայտնաբերվել, գրում է NEWSru.com-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդանավը հունիսի 22-ի կեսօրին անհետացել էր Միջերկրական ծովի ջրերում: Մալաթիայից օդ բարձրացած օդանավի հետ կապը կորել էր Հաթայ նահանգի հարավ-արեւմտյան մասում: Ավելի ուշ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ այն խփվել էր Սիրիայի զինվորականների կողմից:

Սիրիայի իշխանություններն ընդունել են, որ թուրքական կործանիչը խփվել է սիրիական ուժերի կողմից, եւ հայտնել են, որ այն խախտել էր Սիրիայի սահմանը:

Թուրքական կողմը հայտարարել էր, որ օդանավը խփվել էր միջազգային օդային տարածքում, իսկ նրա բեկորներն ընկել էին Սիրիայի տարածքային ջրերում:

Օդաչուների մարմինները հայտնաբերվել են հուլիսի 4-ին: