Yahoo համացանցային ընկերությունը հայտարարել է 450 հազար հասցեների լոգինների եւ գաղտնաբառերի արտահոսքի մասին, որոնք ստեղծվել են Yahoo-ի եւ մի շարք այլ համացանցային աղբյուրների մուտքի իրավունք ունենալու համար, ասվում է Yahoo-ի հաղորդագրության մեջ, հաղորդում է korrespondent.net-ը:
Ըստ Yahoo-ի տվյալների`ֆայլը հանվել էր Yahoo! Contributor Network (ավելի վաղ Associated Content) համակարգից: Սակայն, ըստ ընկերության ներկայացուցիչների, այն հին է, եւ իրականում եղել են միայն հասցեների 5%-ը:
Ընկերությունը չի հստակեցնում, թե Yahoo-ից բացի որ աղբյուրներն էլ կարող էին դառնալ հաքերների զոհերը: Սակայն կիբերանվտանգությամբ զբաղվող ընկերություն Rapid7-ը Reuters գործակալությանը հայտնել է, որ հաքերների հրապարակած ֆայլերում կարող էին լինել նաեւ Google Gmail-ի, AOL ծառայությունների եւ Microsoft Hotmail, MSN եւ Live սերվիսների փոստերի լոգիններ եւ գաղտնաբառեր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անհայտ հաքերները գողացել էին Yahoo-ի հարյուր հազար օգտնվողների լոգինները եւ գաղտնաբառերը: Գրառումները տեղակայվել էին սովորական տեքստային ֆայլի տեսքով D33D Company կայքում:
Հաքերները հույս են հայտնել, որ անվտանգության պատասխանատու մարդիկ գաղտնաբառերի հրապարակումը կընդունեն «որպես ահազանգ, այլ ոչ թե սպառնալիք»: Ըստ հաքերների` ընկերության ցանցերի աշխատանքում մի քանի «բացեր» էլ կան, որոնց պատճառով Yahoo-ն կարող է ավելի խոշոր վնաս կրել:




























