Օրերս ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳՎ-ն ստացել է Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի վերջին համերգ-հանրահավաքի ժամանակ գազով լիցքավորված փուչիկների պայթյունի վերաբերյալ փորձաքննության եզրակացությունը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակը»:
«Նշված վարչության ՀԿԳՎ ղեկավար Արսեն Այվազյանը երեկ մեր թղթակցին հայտնեց դրա արդյունքների մասին:
-Ճիշտ է, բոլորն էլ ենթադրում էին, բայց առանց փորձաքննության վերջնական արդյունքների նախաքննական մարմինը չէր կարող հայտարարություն անել, բայց քանի որ ձեռքի տակ արդեն ունենք եզրակացություն, կարող ենք ասել` այո, իրականում մեթան տեսակի գազ է լիցքավորված եղել փուչիկներում, բոլոր` մոտ 7 հազար փուչիկներում:
-Հայտնի՞ է, թե որտեղ էին փուչիկները լիցքավորվել:
-Լիցքավորման մասով մենք լրացուցիչ հրապարակում կունենանք: Արդեն պարզ է, թե ովքեր են լիցքավորել, ինչպես եւ որտեղ է լիցքավորվել: Ծխախոտից, ըստ եզրակացության, նման պայթյուն չէր առաջանա: Եզրակացության մեջ ուղղակիորեն գրված է, որ պայթյունը տեղի է ունեցել բաց կրակի ներգործությամբ:
-Փորձաքննության արդյունքները ստացվեցին: Այժմ ի՞նչ գործողություններ եք անելու:
-Նախատեսված են շատ գործողություններ, բայց որպեսզի չթվարկեմ դրանք, ասեմ, որ նախաքննությունը շարունակվում է, մասնավորապես կատարվում են փորձաքննության եզրակացությունից բխող անհրաժեշտ գործողություններ:
-Այսպես հարցնեմ, փորձաքննության արդյունքից կարելի՞ է եզրակացնել, թե ով է պայթյունի պատասխանատուն եւ մեղավորը:
-Այս եզրակացությունը այլ եզրակացությունների հետ համակցության մեջ գնահատելով` մենք սրանից բխող այլ քննչական գործողությունների արդյունքում, արդեն իրավական գնահատականի մասով, կսկսենք որոշակի գործընթաց, ձեր ասած` ով էր մեղավոր, ով մեղավոր չէր հարցում: Միայն այս եզրակացությունը դրա համար բավարար չէ:
-Այս փորձաքննության արդյունքները ստանալով` նախաքննությունը մոտեցա՞վ ավարտական փուլին, թե՞ ընդամենը մեկ քայլ առաջ գնաց:
-Ես կասեի` մի քանի քայլ առաջ գնաց, որովհետեւ հիմա արդեն հաստատված հանգամանքներ ունենք: Կարծում եմ, արդեն ավելի արագ առաջընթաց կունենանք:
-Պարոն Այվազյան, այս պահի դրությամբ այս քրեական գործում կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակով մարդ կա՞:
-Այս պահի դրությամբ քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ դեռ չունենք:
Փաստորեն, արդեն ապացուցված է, որ ի սկզբանե փուչիկների մեջ վտանգավոր գազ է եղել, հետեւաբար` պարզ է նաեւ, որ պետք է պատասխանատվության ենթարկվի այն անձը, որը կանխամտածված հանցագործություն է կատարել` հրապարակ է բերել պայթյունավտանգ փուչիկները, եւ այս դեպքում արդեն երկրորդական հարց է, թե ով է լուցկի վառել փուչիկների մոտ:
Իսկ պայթյունի հետեւանքով այրվածքներ ստացած երիտասարդներից մեկը մեր թղթակցի հետ զրույցում իր վրդովմունքն է հայտնել, որ մինչ օրս մեղավորները պատժված չեն: «Ճշմարտությունն ու արդարությունը ոչ ոքի պետք չեն»,- ասել է նա»,- գրում է «Հայկական ժամանակը»:


























