ԱՄՆ-ն Սիրիայի համար ՄԱԿ-ի ԱԽ-ի խիստ պատժամիջոցների կհասնի, որը հնարավորություն կտա «ցույց տալ ատամները»: Վաշինգթոնում կարծում են, որ բանաձեւը պետք է սիրիական իշխանություններից հասնի ոչ միայն ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրի իրականացման, այլեւ խստացնի պատժամիջոցները պաշտոնական Դամասկոսի դեմ:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենթրելը հայտարարել է, որ  դեռեւս նշված բոլոր  պայմանավորվածությունները եւ «Սիրիայի ընկերների խմբի» որոշումները հավաքված չեն  ԱԽ-ի մեկ ընդհանուր բանաձեւում, եւ ԱՄՆ-ն համախոհների հետ մտադիր է  հասնել դրան: Ընդ որում, Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հուսով է, որ Ռուսաստանը կփոխի իր դիրքորոշումը եւ կաջակցի բանաձեւի արեւմտյան ծրագիրը: 

Ի պատասխան լրագրողների այն հարցին, թե ինչ իմաստ կա Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների հարցը քննարկել, եթե Ռուսաստանը հայտարարել է, որ թույլ չի տա նման բանաձեւ,  դիվանագետը նշել է, որ հաճախ կողմերի դիրքորոշումները փոխվում են բանակցությունների ընթացքում:

Այս շաբաթվա սկզբին ՄԱԿ-ի ԱԽ-ի փակ նիստի ժամանակ Ռուսաստանն առաջարկել էր  բանաձեւի իր ծրագիրը, որը վերաբերում էր միայն Սիրիայում միջազգային դիտորդների առաքելության շարունակմանը, որոնց մանդատն ավարտվում է հուլիսի 21-ի գիշերը:

Իրենց հերթին արեւմտյան երկրներն առաջարկում են Սիրիայի նկատմամբ կիրառել պատժամիջոցներ, ընդ որում ԱՄՆ-ն հայտարարում է, որ եթե  դրանք չկիրառվեն, այլեւս Սիրիայում դիտորդներ չեն լինի:

Ինչպես սպասվում է, ՄԱԿ-ի ԱԽ-ն  նոր բանաձեւ պետք է ընդունի հուլիսի 20-ին` մինչեւ դիտորդների մանդատի ավարտը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: