ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նախարարությունում պարզաբանել են, որ այդ միջոցառումները կվերաբերեն ավելի քան 50 ընկերությունների եւ ֆիզիկական անձանց, որոնք, ըստ ԱՄՆ-ի, մասնակցում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ աշխատանքներին:
Մասնավորապես, պատժամիջոցները կիրառվում են մի շարք ընկերությունների նկատմամբ, որոնք առնչություն ունեն Իրանի բանակի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ:
«Իրանը գտնվում է պատժամիջոցների ուժեղ ճնշման տակ եւ մենք կշարունակենք ուժեղացնել այդ ճնշումն այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը հրաժարվում է ցրել միջազգային հանրության լրիվ հիմնավորված մտահոգությունները` իր միջուկային ծրագրի վերաբերյալ»,-հայտարարել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Դեւիդ Քոենը:
Իր կողմից AFP-ն նշել է, որ ամերիկյան նոր պատժամիջոցները կրում են զուտ խորհրդանշական բնույթ, քանի որ դժվար թե դրանք ուժեղ հարված հասցնեն իրանական ընկերություններին:



























