Իսլանդիայում Ջուլիան Ասանժի Wikileaks նախագծի ներկայացուցիչները շահել են դատը Valitor ընկերության դեմ, որը Visa եւ MasterCard վճարային համակարգերի տեղի օպերատորն է: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:

Դատարանն անօրինական է համարել վճարային համակարգի կողմից Wikileaks-ի հաշիվներին փոխանցումներ կատարելուց հրաժարվելը եւ պահանջել է ապահովել վճարումների փոխանցումը 14 օրվա ընթացքում:

Դատարանի որոշման կատարումն ուշացնելու դեպքում Valitor-ը կպարտավորվի օրական 6200  դոլար վճարել:

 Wikileaks-ի ներկայացուցիչ Քրիսթին Հրաֆնսոնը դատարանի որոշումը որակել է «շատ կարեւոր քայլ» վճարման համակարգերի միջոցով նվիրատվությունների ընդունումը վերականգնելու համար պայքարում: Հրաֆնսոնը հիշեցրել է, որ ներկա պահին համանման հայցեր ուսումնասիրում են Բելգիայի եւ Դանիայի դատարանները:

2010թ. վերջին Visa եւ Mastercard վճարման համակարգերը արգելափակել էին Wikileaks-ի հաշիվներին փոխանցումներ կատարելու հնարավորությունը: Համանման կերպով էր վարվել  նաեւ PayPal համակարգը: Վճարման համակարգերի գործունեության արդյունքում Wikileaks-ի կայքը փակման վտանգի տակ էր հայտնվել, քանի որ, նախագծի տվյալներով, ֆինանսական արգելափակումը կայքին զրկել է 95% շահույթից: 2011թ. Wikileaks-ի ներկայացուցիչները տարեկան համապատասխան կորուստները գնահատել էին 40-50 մլն եվրո, այն դեպքում, երբ նախագծի աշխատանքն ապահովելու համար տարեկան շուրջ 3.5 մլն դոլար է պահանջվում: